Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2015-ի դեկտեմբերից կրճատվել են գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի հաստիքները: Կառուցվածքային այս փոփոխությունն իրականացվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի որոշմամբ, որն արժանացել է թատրոնի ղեկավարության հավանությանը, սակայն ստեղծագործական կազմի դժգոհությունները չեն մարում:
Կանխատեսումներ եղան, որ նախկին գլխավոր դիրիժոր և երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյանին փոխարինելու է իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն: Վերջինս որակվեց միջակ երաժիշտ, ում չի կարելի վստահել օպերային թատրոնի դիրիժորի փայտիկը, ավելին, նա մեղադրվեց Ադրբեջանում համերգ տալու և ադրբեջանական մշակույթին մեծարանքի խոսքեր շռայլելու մեջ:
Հարկ է նշել, որ իտալացի դիրիժորը ցեղասպանությունը դատապարտող «24/04» համաշխարհային նվագախումբը ղեկավարած դիրիժորներից է: 2015-ի սեպտեմբերին նա ներկա է եղել Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային, ինչի համար և ընդգրկվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «սև ցուցակում»։ Իտալացի դիրիժորի` խաչատրյանական փառատոնին մասնակցությունն էլ 2015-ին անուղղակիորեն կապվեց աշխարհում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների հետ։
«Իրատեսը» խնդրի առնչությամբ զրուցեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԻ հետ:
«Մարդկանց պետք է գնահատել իրենց գործով: Մարչիանոյի կենսագրությունը հասանելի է բոլորին, համացանցով կարող են տեսնել, թե ինչ պահանջարկ ունի նա հեղինակավոր թատրոնների, երաժշտական միջազգային կազմակերպությունների կողմից»,- ասաց ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավարը, նշելով, որ «24/04» նվագախմբի ստեղծման համար նա աշխատել է մեկուկես տարի, շատ արտիստներ, դիրիժորներ նույնիսկ վախեցել են պատասխանել հրավերին: Ջանլուկա Մարչիանոն և Միխայիլ Յուրովսկին ապացուցել են, որ արվեստն իրենց համար ավելի բարձր է, քան քաղաքական խնդիրները: Եթե երաժիշտը գալիս է Հայաստան ու մասնակցում նման նախագծի, նշանակում է, որ էլ երբեք չի կարող մուտք ունենալ Թուրքիա, Ադրբեջան, նրա առջև ընդմիշտ փակվում են նաև թուրքական ընկերությունների հովանավորած նվագախմբերի «դռները»:
«Այո, նա եղել է Ադրբեջանում, մասնակցել է համերգի: Հազարավոր երաժիշտներ, նվագախմբեր, որ եղել են Հայաստանում, եղել են նաև Ադրբեջանում»,- նկատեց Սերգեյ Սմբատյանը, նշելով, որ տեղացի կիսապրոֆեսիոնալները փորձում են սադրել, ցավոք, հասարակությունն էլ արձագանքում է, մինչդեռ շատերը չեն էլ հասկանում` ինչ է նշանակում գլխավոր դիրիժոր: Զրուցակցիս պարզաբանմամբ` եթե չկա գլխավոր դիրիժոր, կլինեն դիրիժորներ, որ կփոխարինեն նրան, կյանքի կկոչեն լուրջ նախագծերը:
Նշենք, որ Կարեն Դուրգարյանին առաջարկվել է շարունակել աշխատել որպես թատրոնի դիրիժոր, սակայն վերջինս հրաժարվել է ու լքել թատրոնը, չի բացառվում, որ լքի նաև երկիրը:
ՀՊԵՆ ղեկավարը նկատեց, որ մենք ունենք շատ տաղանդավոր դիրիժորներ, ովքեր գլխավոր դիրիժորի հաստիք չունեն.
«Հայաստանում մնում են` գլխավոր դիրիժոր լինելու պայմանո՞վ: Ես դա չեմ հասկանում: Կամ ինչո՞ւ են իրենց ավելի բարձր դասում մյուսներից: Կան փաստեր, և կան էմոցիաներ: Ներքին կոնֆլիկտը շատ վատ բանի է հանգեցնում: Մշակույթով, հատկապես դասական երաժշտությամբ մենք ներկայանում ենք աշխարհին ու պետք է մաքուր պահենք այդ դաշտը, չստեղծենք արհեստական խնդիրներ` աղբ, ու այդ աղբը դուրս հանենք: Մարդիկ պետք է լինեն իրենց ասածի, բայց նաև լռության տերը: Կարող ենք շատ բան զգալ, զայրանալ, վիրավորվել, բայց երբ բարձրաձայնում ենք, դա արդեն խնդիր է: Մանավանդ, եթե քո խոսքով փչացնում ես այն դաշտը, որը Հայաստանի համար ամենակարևորն է»:
Գեղամ Գրիգորյանը չի բացառել, որ գլխավոր դիրիժորի պաշտոնը կարող է վերականգնվել, ինչն էլ առիթ է տվել հնարավոր թեկնածուների անուններ շրջանառելու: Այդ ցանկից դուրս չի մնացել նաև Սերգեյ Սմբատյանը:
Մեր այս դիտարկմանն ի պատասխան ՀԵՊՆ-ի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ իրեն, չգիտես ինչու, շարունակ այս ու այն տեղն են ուղարկում. «Մի անգամ արդեն հարցազրույցի ժամանակ ասել եմ, որ բոլոր դիրիժորները կարող են հանգիստ ապրել: Ես ունեմ իմ կոլեկտիվը, մենք 24 ժամ աշխատում ենք, ամենաշատն ենք ներկայանում համերգներով, առաջիկայում էլ լուրջ նախագծեր ունենք։ Ես ոչ մի տեղ գնալ չեմ ուզում»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ